Ժոզեպ Բորելը քննադատել է Ադրբեջանին COP29 գագաթնաժողովին ընդառաջ - Mediamax.am

365 դիտում

Ժոզեպ Բորելը քննադատել է Ադրբեջանին COP29 գագաթնաժողովին ընդառաջ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության Արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ COP29 գագաթնաժողովը «հնարավորություն է Ադրբեջանի իշխանությունների համար՝ ցուցադրելու իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին»:

Այս մասին Բորելն ասել է հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստի իր բացման խոսքում։

 

«Այսօրվա քննարկումից մինչեւ Բաքվում COP29 համաժողովի մեկնարկը երեք շաբաթից պակաս ժամանակ է մնում: COP29-ը Ադրբեջանի իշխանությունների համար հնարավորություն է ցուցադրելու իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին: Դա հնարավորություն է ետ շրջել վերջին տարիների մտահոգիչ միտումը՝ կապված քաղաքացիական հասարակության տարածքի կրճատման, անկախ լրատվամիջոցների եւ այլախոհների նկատմամբ ճնշումների աճի եւ կամայական ձերբակալությունների թվի աճի հետ:

 

Մեր դիրքորոշումը պարզ է. Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար, այդ թվում՝ լրագրողներին, իրավապաշտպաններին եւ քաղաքական ակտիվիստներին։ Խոշտանգումները եւ դաժան վերաբերմունքը բացարձակապես արգելված են միջազգային իրավունքով, եւ չարաշահումների վերաբերյալ ցանկացած մեղադրանք պետք է արագ եւ անաչառ հետաքննվի», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

 

«COP29-ը նաեւ պատմական հնարավորություն է խաղաղության հասնելու համար: Ադրբեջանն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել տասնամյակների հակամարտությունը հաղթահարելուն։ Համաժողովը պատմական շանս կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի համար՝ ցույց տալու իրենց նվիրումը խաղաղությանը եւ մոբիլիզացնելու քաղաքական կամքը խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ադրբեջանը կանգնած է կարեւոր ընտրության առջեւ՝ թե երկրում մարդու իրավունքների իրավիճակի, թե իր հարեւանի հետ խաղաղության գործընթացի հետ կապված»,- ասել է Ժոզեպ Բորելը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին