Բայդենը Ալիեւին կոչ է արել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքն ավարտել այս տարի - Mediamax.am

1050 դիտում

Բայդենը Ալիեւին կոչ է արել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքն ավարտել այս տարի


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքները։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բայդենն այդ մասին գրել է Իլհամ Ալիեւին ուղղված նամակում, որը Ադրբեջանի նախագահին է փոխանցել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։

 

ԱՄՆ նախագահի նամակում, մասնավորապես, ասվում է.

 

«Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը եւ Հայաստանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կկարգավորի հարաբերությունները ձեր երկրների միջեւ: Ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղությանը, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը։

 

Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովման հետ մեկտեղ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրի, ներդրումների եւ կապերի ընդլայնման համար: Այժմ, երբ COP29-ի կապակցությամբ  աշխարհի ուշադրությունն կենտրոնացած է Բաքվի վրա, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու Ձեր նվիրումը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած կետերի վերջնականացումը ստեղծագործական մոտեցում եւ փոխզիջում կպահանջի բոլոր կողմերից։ Բայց ես վստահ եմ, որ Դուք չեք զլանա օգտվել այս հնարավորությունից, եւ ես Ձեզ կոչ եմ անում ավարտել համաձայնագրի շուրջ աշխատանքն այս տարի։

 

Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ ես աջակցում եմ այս գործին: Իմ վարչակազմը պատրաստ է համարձակ նախաձեռնություններ ձեռնարկել, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի հարցերով իմ ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, ինչպես նաեւ լսել Ձեր կարծիքը Հայաստանի հետ քննարկումների վերաբերյալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին