Փաշինյանը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին - Mediamax.am

278 դիտում

Փաշինյանը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցությունն ու ևս մեկ անգամ ընդգծել կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ:

 

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախորդ տարվա հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությամբ, ինչպես նաև այս տարվա ապրիլին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացման անհրաժեշտությունը:   

 

Վասիլիս Մարագոսն անդրադարձել է վերոնշյալ հայտարարություններով նախատեսված քայլերի իրականացման ընթացքին ու ընդգծել ԵՄ շարունակական աջակցությունը՝ ՀՀ–ում ժողովրդավարական և տնտեսական ոլորտում բարեփոխումների առաջմղման գործում, այդ թվում՝ մասնավոր հատվածի կարողությունների զարգացման նպատակով: ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է նաև վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկը, ԵՄ խաղաղության հիմնադրամից մեր երկրին օժանդակություն ցուցաբերելու որոշումը:

 

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին և ընդգծել մեր երկրի պատրաստակամությունը՝ համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրելու պայմանագիրն ու շարունակելու հետագա քննարկումները մյուս հարցերի շուրջ:

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում զրուցակիցները կարևորել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին