Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ իր երկիրն «ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»:
«Եթե մենք կարողանայինք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի եւ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման, գործը հասցնենք սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, ապաշրջափակենք նյութատեխնիկական ապահովման եւ համապատասխան ոլորտները, շատ ուրախ կլինեինք»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ տեղյակ է՝ «Ադրբեջանը կենտրոնացած է բոլոր ընթացակարգերն ավարտին հասցնելու եւ ամբողջական կարգավորման վրա»:
Նա նշել է նաեւ, որ նախատեսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին։
















