Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովից մեծ սպասելիքներ չկան - Mediamax.am

967 դիտում

Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովից մեծ սպասելիքներ չկան


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լայենը ներկա չի գտնվի հուլիսի 18-ին Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) չորրորդ գագաթնաժողովին:

Այդ մասին գրում է Politico պարբերականը:

 

Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Լոնդոնի հավաքին, հայտնել են ՀՀ կառավարությունից:

 

Politico-ն գրում է, որ եվրոպական որոշ երկրների ղեկավարներ կարող են Լոնդոն չմեկնել, քանի որ նոր են վերադարձել Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, իսկ նախորդ ամիս երկու անգամ հավաքվել էին Բրյուսելում՝ ԵՄ Խորհրդի նիստերից մասնակցելու համար:

 

«Անորոշ նպատակներ ունեցող գագաթնաժողովին մասնակցելն այնքան էլ գրավիչ չէ: Առաջնորդները երբեմն պետք է նաեւ տանը լինեն», - ասել է եվրոպական կառավարությունը ներկայացնող Politico-ի աղբյուրը:

 

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ գագաթնաժողովին ներկա կլինեն ավելի քան 45 երկրի ղեկավարներ:

 

Սպասվում է, որ առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ներկա կլինեն ներկայացուցիչներ ՆԱՏՕ-ից, Եվրոպայի Խորհրդից եւ ԵԱՀԿ-ից:

 

«EPC-ն Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մտահղացումն էր, որը ձգտում էր եվրոպական դաշնակիցների ավելի լայն շրջանակ ստեղծել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Նոր խմբավորման նպատակը երբեք լիովին պարզ չի եղել, իսկ որոշ քննադատներ մեղադրում են Մակրոնին նրանում, որ EPC-ն իրականում միջոց է կանխելու Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցությունը Եվրոպական Միությանը: Այս պահին անգամ ինքը՝ Մակրոնը, կարծես թե այլեւս հետաքրքրված չէ», - Politico-ին ասել է ԵՄ պաշտոնյան։

 

Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովները տեղի են ունեցել Գրանադայում (2023 թ. հոկտեմբեր), Քիշնեւում (2023թ. հունիս) եւ Պրահայում (2022 հոկտեմբեր): Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնացել է բոլորին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին