Փաշինյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի բանաձեւը - Mediamax.am

2845 դիտում

Փաշինյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի բանաձեւը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Եվրամիության ու Հայաստանի միջեւ ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւին:

«Այս բանաձեւն անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը: Նաեւ աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ջանքերին:

 

Եվրոպական խորհրդարանն արձանագրել է ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի միջազգային ընկալման համար»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ այս բանաձեւը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա.

 

«Սա եւս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը, հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն այս ուղերձի վերաբերյալ, որովհետեւ նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը:

 

Միաժամանակ, արտահայտում եմ կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման ուղղությամբ»:

 

Մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձեւը, որին կողմ է քվեարկել 504 պատգամավոր, դեմ` 4, ձեռնպահ՝ 32:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին