Փաշինյանը նորից է հնչեցրել ԵԱՏՄ-ն ապաքաղաքականացնելու իր թեզը - Mediamax.am

3723 դիտում

Փաշինյանը նորից է հնչեցրել ԵԱՏՄ-ն ապաքաղաքականացնելու իր թեզը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ մարմիններում 2024 թվականին Հայաստանի նախագահության կապակցությամբ դիմել է կազմակերպության երկրների ղեկավարներին եւ ընդգծել տնտեսական փոխգործակցության սկզբունքների եւ գործիքների վերանայման կարեւորությունը։

«Համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը պահանջում է տնտեսական փոխգործակցության սկզբունքների եւ գործիքների վերանայում: Այս պայմաններում մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք ԵԱՏՄ լիարժեք գործունեությունը ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների եւ բիզնեսի»,- ասված է Փաշինյանի ուղերձում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

Փաշինյանը նաեւ հավելել է, որ ԵԱՏՄ շուրջ 10 տարվա գործունեության արդյունքներով զգալի արդյունքներ են ձեռք բերվել փոխգործակցության բոլոր ոլորտներում։

 

«Միեւնույն ժամանակ, մնում են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ ավարտին հասցնել արդյունավետ միասնական տնտեսական տարածքի ձեւավորումը։ Միայն ջանքերի համադրմամբ ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան ապագա սերունդների համար ստեղծել տնտեսական համագործակցության էլ ավելի կայուն մոդել, որը կապակցված չի լինի քաղաքական կամ աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ»,- նշել է Հայաստանի վարչապետը։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2023թ. դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր, որ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական եւ, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»։

 

«Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել եւ հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն եւ նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առեւտրի եւ ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող եւ չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի», - ասել էր Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին