Զախարովան խոսել է Հայաստանի համար «լուրջ ռիսկերի» առկայության մասին - Mediamax.am

8411 դիտում

Զախարովան խոսել է Հայաստանի համար «լուրջ ռիսկերի» առկայության մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ «Երեւանում որոշ քաղաքական գործիչներ կշտամբանքներ են հնչեցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերի վերաբերյալ եւ խոսում են 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների «անարդյունավետության» մասին»։

Զախարովան ընդգծել է, որ «այդ պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ, կողմերից ոչ մեկը իր ստորագրությունը ետ չի կանչել»։

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում այդ կարեւոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը չափազանց վտանգավոր ենք համարում: Նման քայլն անխուսափելիորեն լուրջ ռիսկեր կառաջացնի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար։ Այդ մարտահրավերները չի ստացվի չեզոքացնել արեւմտյան կեղծ միջնորդների օգնությամբ։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն եւ կայունություն բերել Հայաստան եւ Հարավային Կովկասի մյուս պետություններին: Նրանց նպատակը բոլորովին այլ է. մեզ եւ տարածաշրջանային մյուս խաղացողներին դուրս մղել, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արեւելքից եւ Ուկրաինայից հետո»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

 

Մարիա Զախարովան նաեւ նշել է, որ «ամիսներ շարունակ հայկական կողմը արգելափակում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին