Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են վերջին զարգացումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Հանդիպումը կայացել է Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, եւ վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի, որոնց համատեքստում Արարատ Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ եւ բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: