Կարող ենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները, ասել է ամերիկացի պաշտոնյան - Mediamax.am

1950 դիտում

Կարող ենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները, ասել է ամերիկացի պաշտոնյան


Լուսանկարը` https://www.vijesti.me/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասել է, որ «մենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում»։

«Մեզ ոգեւորում է այն, որ կողմերը միմյանց հետ խոսում են ուղղակիորեն եւ միջնորդների միջոցով: Եվ մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանին օգուտ բերելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առեւտուրը իրականացվի Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի այս առեւտրային ուղու բոլոր երկրների համար: Եվ մենք ուրախ կլինենք դրան մաս կազմել:

 

Միաժամանակ, եթե որոշում կայացվի դրան հասնել ոչ խաղաղ ճանապարհով, մենք ստիպված կլինենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ նման առեւտրային ուղու ստեղծումից խուսափելու համար։ Մենք կողմերին շատ հստակ ներկայացրել ենք այն, ինչ մենք հույս ունենք տեսնել, ինչպես նաեւ այլ զարգացումների հետեւանքները։ Մենք գիտենք, որ կողմերը շահագրգռվածություն են հայտնել մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, եւ կցանկանայինք տեսնել դա»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի Բրյուսել կայանալիք այցին ընդառաջ կազմակերպված ճեպազրույցում։

 

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ Ջեյմս Օ՛Բրայենն ասել էր, որ «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում խարխլել է վստահությունը եւ կասկածներ առաջացրել Հայաստանի հետ համապարփակ խաղաղություն հաստատելու Բաքվի հանձնառության վերաբերյալ»:

 

«Հաշվի առնելով այս նոր իրողությունը՝ Պետդեպարտամենտը հասկացրել է Ադրբեջանին, որ մենք չենք կարող շարունակել մեր երկկողմ հարաբերությունները «բիզնես, ինչպես միշտ» (“business as usual”) սկզբունքով։ Միացյալ Նահանգները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չեղարկել բարձր մակարդակի երկկողմ հանդիպումները եւ սառեցրել ապագա միջոցառումների ծրագրերը», - ասել էր դիվանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին