Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Մալթայում Ուկրաինայի հարցով կոնֆերանսին Երեւանի մասնակցությունը Մոսկվան դիտարկում է որպես Հայաստանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ»։
Ճեպազրույցի ժամանակ նա այսպես է մեկնաբանել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի Մալթայում կայացած հանդիպումը:
Մարիա Զախարովան հիշեցրել է, որ «ավելի վաղ Կիեւ էր այցելել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը Դուբլինում կապ էր հաստատել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գրանադայում շփվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»:
«Երեւանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն ընդդիմանում են Ռուսաստանին:
Ցավալի է, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը միտումնավոր եւ համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում համարում էր Հայաստանի կայունության եւ բարգավաճման ամենակարեւոր գործոնը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: