Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Թբիլիսիում ասել է, որ «խաղաղության խաչմերուկը խաղաղության օրակարգի անբաժան մասն է»:
«Եթե բանուկ, ակտիվ ճանապարհը համագործակցության, խաղաղության, հաջողության նշան է, ապա փակ ճանապարհը վկայում է պրոբլեմների մասին: Մենք սա գիտենք սեփական օրինակով: Մեր չորս հարեւանից երկուսի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ ունեցած մեր հարաբերությունների բարեկամական լինելու մասին: Մեր հարեւաններից երկուսի հետ ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների խոսուն վկայությունն է: Առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն, ունի հաստատուն խաղաղության կարիք: Խաղաղություն է, երբ երկրները ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը լուծվում են դիվանագիտական ճանապարհով»,- «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը «մշակել է խաղաղության խաչմերուկ նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի առանցքային մի մաս».
«Խաղաղության խաչմերուկը խաղաղության օրակարգի անբաժան մասն է: Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա եւ հուսով եմ՝ այս գործընթացը կավարտվի մոտակա ամիսներին եւ հնարավոր կլինի ստորագրել խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիր»:
Նա նաեւ հույս է հայտնել, որ առաջիկայում զարգացումներ կլինեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար, որը «նույնպես դրական ազդակ կբերի ողջ տարածաշրջանին»:
«Խաղաղության խաչմերուկը լիարժեք ներգրվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ, եւ ուրախ կլինենք Հայաստանի տարածում ընդունել եւ անվտանգ ճանապարհել մարդկանց, տրանսպորտային միջոցներ, բեռներ եւ այլն»,- եզրափակել է խոսը Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: