Լավրով. Գործընկերները կարող են իրենց «բախտը փորձել» Բրյուսելում - Mediamax.am

2631 դիտում

Լավրով. Գործընկերները կարող են իրենց «բախտը փորձել» Բրյուսելում


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «Ռուսաստանը դեմ չէ որեւէ շփումների, որոնք հայերն ու ադրբեջանցիները օգտակար են համարում»։

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Լավրովը նշել է.

 

«Փորձագետները քաջ գիտակցում են, որ սահմանազատման հարցերը քննարկելու եւ համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, գտնվում են միայն Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում մեծ խնդիր սարքել դրանից: Եթե ցանկություն ունեն, թող իրենց «բախտը փորձեն» Բրյուսելում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք իրական օգնություն ցուցաբերել գործնական սահմանազատումը սկսելու հարցում»։

 

Լավրովը հիշեցրել է, որ «հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել էին ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին իրենց համաձայնությամբ ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու»։

 

«Ցավոք, հանձնաժողովը երկար ժամանակ չէր հավաքվել։ Վերջին մեկ տարվա ընթացքում եղել (եւ շարունակվում են) ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանազատման գործընթաց ներթափանցելու փորձերը»,- ասել է ՌԴ ԱԳՆ նախարարը։

 

Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «մեծ հաշվով լուծված է»։

 

«Կողմերը համաձայնվել են, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Դա էր հիմնական չլուծված խնդիրը։ Հիմա մնում են գործնական քայլերը հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Առաջին հերթին խաղաղության պայմանագիր պատրաստելու, սահմանները սահմանազատելու եւ առանց խոչընդոտների տրանսպորտային ու տնտեսական կապեր հաստատելու մասին։ Ռուսաստանը համակարգող դեր է խաղում այս բոլոր գործընթացների առնչությամբ»,- նշել է Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին