Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանը հստակ եւ աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը»:
«Ցավալի է, չափազանց ցավալի, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի եւ առանձին երկրների խորհրդարանների բանաձեւերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում», - ասել է Փաշինյանն՝ այսօր ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում:
«Եվ այսօր ոմանք ձեւ են անում, թե չեն հասկանում, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումն ինքնին ցինիզմ է, որովհետեւ պատասխանն ավելի քան պարզ է: Ադրբեջանը հստակ եւ աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը:
2022 թվականի դեկտեմբերից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման շրջանում Լեռնային Ղարաբաղի հայերը զրկված են եղել գազի, էլեկտրական էներգիայի, վառելիքի, սննդի, մանկական սննդի, դեղորայքի, հիգիենիկ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների արտաքին մատակարարումներից, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձինք թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
2022 թվականի դեկտեմբերից տասնյակ անգամներ ահազանգել ենք Ադրբեջանի պլանի մասին. Լաչինի միջանցքը փակելուց հետո մարդկանց սովի մատնել, ավելացնել ռազմական, պրոպագանդիստական եւ հոգեբանական ճնշումը, ապա եւ բացել Լաչինի միջանցքը, եւ այդպիսով բոլոր հայերին ստիպել հեռանալ:
Նման սցենարի մասին խոսել ենք 2023 թվականի հունվարին, փետրվարին, մարտին, ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, խոսել ենք բարձր եւ հրապարակային: Եվ չեմ ընդունում որոշ միջազգային պաշտոնյաների զարմացած դեմքերը՝ Լեռնային Ղարաբաղի՝ սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով», - ասել է Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: