Իլհամ Ալիեւը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից - Mediamax.am

Հոկտեմբեր 01, 2025
3477 դիտում

Իլհամ Ալիեւը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է այցելել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես նախատեսված էր, այդ հանդիպմանը պետք է մասնակցեին նաեւ Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

 

«Հանդիպումից հրաժարվելու պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաեւ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Փարիզի եւ Բեռլինի տարաձայնությունները։ Ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցել նման պայմաններում»,- հայտնում եմ ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց երկրի «դիվանագիտական աղբյուրը»:

 

Նրա խոսքով, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Շառլ Միշելի վերջին հայտարարությունները «հստակ ցույց տվեցին, որ այդ հարթակում տիրում է հակաադրբեջանական մթնոլորտ»։

 

«Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Հայաստան կատարած այցի ժամանակ ցույց տվեցին, որ Փարիզը գրեթե թշնամական դիրքորոշում ունի Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանում Կատրին Կոլոննայի արված հայտարարությունները ոչնչացրեցին Գրանադայում հանդիպման «կարևորության» մասին վերջին պատրանքները։ Այս ֆոնին Ադրբեջանը հրաժարվեց այս հանդիպումից, եւ Ադրբեջանի նախագահը Գրանադա չի գնա»,- նշել է Բաքվի ներկայացուցիչը։

 

Միաժամանակ նա նշել է, որ «եթե օրակարգում մնա ԵՄ-Ադրբեջան-Հայաստան նախորդ եռակողմ ձևաչափը, ապա Ադրբեջանը դրան կարող է մասնակցել»։

 

«Սակայն ցանկացած ձևաչափ, որում ներկայացված է Ֆրանսիան, անընդունելի է մեր երկրի համար։ Ադրբեջանը չի մասնակցի հանդիպումներին, որոնցում ներկայացված է Ֆրանսիան»,- հավելել է աղբյուրը։

 

Միաժամանակ, թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս չեղարկել է Գրանադա իր այցը՝ պատճառաբանելով դա մրսածությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին