Շառլ Միշելի գրասենյակը մեկնաբանել է Գրիգորյանի եւ Հաջիեւի հանդիպումը - Mediamax.am

2902 դիտում

Շառլ Միշելի գրասենյակը մեկնաբանել է Գրիգորյանի եւ Հաջիեւի հանդիպումը


Լուսանկարը` https://www.consilium.europa.eu/


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրամիությունը կարծում է, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի «հրապարակայնորեն վերահաստատելու համար իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` ավելի վաղ Պրահայում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին համաձայն»:

Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գրասենյակի հաղորդագրության մեջ, որն ամփոփել է այսօր Բրյուսելում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպման արդյունքները, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի խորհրդականները եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

 

«Եվրամիությունը ուշադիր հետեւում է զարգացումներին եւ ներգրավված է ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմել մարտերի ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: Այս համատեքստում ԵՄ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության վերաբերյալ։

 

Հիքմեթ Հաջիեւը ներկայացրել է Ադրբեջանի ծրագրերը մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունների համար թափանցիկության եւ հասանելիության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Բաքվի կողմից Ադրբեջանում ղարաբաղցի հայերի ապագայի իր տեսլականի ավելի մանրամասն ներկայացումը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում Ղարաբաղի հայերին:

 

Հանդիպումը թույլ տվեց նաեւ մտքերի ինտենսիվ փոխանակում անցկացնել հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման կարեւորության վերաբերյալ: Մասնակիցները նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայում հնարավոր հանդիպումը՝ շարունակելու ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

 

Արմեն Գրիգորյանը եւ Հիքմեթ Հաջիեւը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն առաջ մղելու հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, մասնավորապես՝ սահմանների սահմանազատման, անվտանգության, հաղորդակցության եւ հումանիտար հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին