Ամերիկացի փորձագետը Բայդենին կոչ է արել զորախումբ տեղակայել Հայաստանի հարավում - Mediamax.am

Փետրվար 24, 2026
3168 դիտում

Ամերիկացի փորձագետը Բայդենին կոչ է արել զորախումբ տեղակայել Հայաստանի հարավում


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ American Enterprise Institute գիտահետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Մայքլ Ռուբինի կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է աջակցեն Հայաստանին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային միջանցք չտրամադրելու հարցում։

«Բայդենը պետք է գործի միջանցքը արգելափակելու համար» հոդվածում Ռուբինը գրում է, որ միջանցքի տրամադրումը Հայաստանի համար «ազգային ինքնասպանություն» կլինի եւ կդառնա «օղակ, որը թույլ կտա Թուրքիային, Ադրբեջանին եւ Ռուսաստանին Հայաստանի հետ անել այն, ինչ նրանք արեցին Լեռնային Ղարաբաղի հետ»։

 

Մեկնաբանելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի եւ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը Հայաստան՝ Ռուբինը նշում է, որ «Ալիեւը նրանց լուրջ չի վերաբերվում»։

 

«Եթե Սպիտակ տունը լրջորեն է տրամադրված Հայաստանի հարցում, ապա պետք է մտածի իր ուժերը, գոնե ժամանակավոր հիմունքներով, Հարավային Հայաստանում տեղակայելու մասին»,- գրում է Ռուբինը` հիշեցնելով Կանզասի ազգային գվարդիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության երկարամյա համագործակցությունը:

 

«Գուցե հիմա ժամանակն է տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելու, որոնք կտեւեն մի քանի շաբաթ։ Կանխարգելիչ տեղակայումը կարող է խոչընդոտել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռյակի՝ աշխարհի ամենահին քրիստոնյա ազգին արմատախիլ անելու ջանքերի հաջորդ փուլին»,- ասել է Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը:




Մեր ընտրանին