Ռուսաստանի ԱԳՆ. Նիկոլ Փաշինյանը «հսկայական սխալ է գործում» - Mediamax.am

5530 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ. Նիկոլ Փաշինյանը «հսկայական սխալ է գործում»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի շուրջ իրավիճակի կապակցությամբ»։

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկախության մասին 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի հասցեին։ Ակնհայտ փորձ է արվում ազատել իրեն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հաստատում են մեր ավելի վաղ արված  եզրակացություններն այն մասին, որ Արեւմուտքի կողմից հրահրվող եւ պաշտոնական Երեւանի կողմից սատարվող եւ սեփական երկրի եւ մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ ունեն։ Կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանեց, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստում էին շրջադարձ կատարել Ռուսաստանից»։

 

Փաստաթղթում նշվում է, որ «Ռուսաստանը մշտապես հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը եւ երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ»։

 

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը գալիք սերունդներին թողնելու մասին 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ կայացված ջենթլմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը տուրք տվեց Արեւմուտքի հորդորներին։ Պրահայում եւ Բրյուսելում նա որոշեցի գործել՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

«Մենք համոզված ենք, որ երեւանյան ղեկավարությունը հսկայական սխալ է գործում՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի եւ Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը եւ երկիրը դարձնելով Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Վստահ ենք, որ դա գիտակցում է նաեւ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»,- ամփոփել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին