Բորել. ԵՄ-ն վճռականորեն կարձագանքի խաղաղ բնակչության բռնի տեղահանմանը - Mediamax.am

3094 դիտում

Բորել. ԵՄ-ն վճռականորեն կարձագանքի խաղաղ բնակչության բռնի տեղահանմանը


Լուսանկարը` REUTERS


ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր ասել է, որ «Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ»։

Բորելի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Ի գիտություն ենք ընդունել հրադադարի համաձայնագրի ձեռքբերման վերաբերյալ հայտարարությունները։ Ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ եւ ամբողջական դադարեցում եւ հրադադարի պահպանում։

 

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ եւ անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել կարիքավոր մարդկանց, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական բացման միջոցով՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարին եւ հուլիսին կայացված վճիռներին համապատասխան։ Մարդասիրական կազմակերպությունները պետք է կարողանան ազատորեն գործել։ ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։

 

ԵՄ-ն Բաքվին եւ Ղարաբաղի հայերին կոչ է անում շտապ ներգրավվել համապարփակ եւ թափանցիկ երկխոսության մեջ։

 

Ադրբեջանը պատասխանատու է ղարաբաղցի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ իրենց տներում առանց ահաբեկման կամ խտրականության ապրելու իրավունքը: Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կհանդիպի ԵՄ-ի խիստ արձագանքի:

 

ԵՄ-ն պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի վատթարացման դեպքում։

 

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։

 

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) կշարունակի մշտադիտարկել եւ զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում անվտանգության իրավիճակի մասին։

 

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր հարցերի շուրջ՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին