Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որեւէ աղերս չունեն»:
«Ադրբեջանի ԱԳՆ-ում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցված թեզերը նման են տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության:
Ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը ԼՂ-ում էթնիկ զտումների եւ Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու» կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է:
Հանդիպմանն Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: Անհասկանալի է, թե ինչ առաջարկների մասին է խոսում Ադրբեջանը, եւ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տվյալ հարցը պարզաբանված չէ: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ եւ Հայաստանը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:
Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանը ԼՂ-ում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որեւէ աղերս չունեն: Հայաստանի աջակցությունը ԼՂ-ին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանը ողջունում է երկարատեւ դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ եւ հույս ունի, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել նաեւ, որ «պաշտոնական Բաքուն մինչ օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը, մասնավորապես, 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է»:
«Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են: ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ հարեւանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որեւէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:
Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը եւ հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: