ՌԴ-ն Հայաստանին փոխանցել է իր մտահոգությունը վարժանքի վերաբերյալ - Mediamax.am

2997 դիտում

ՌԴ-ն Հայաստանին փոխանցել է իր մտահոգությունը վարժանքի վերաբերյալ


Լուսանկարը` https://russiancouncil.ru/


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ «Ռուսաստանը Հայաստանում իր դաշնակիցների ամենալուրջ ուշադրությունն է հրավիրել է այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի հետ նրանց զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստությամբ»։

«Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է, մենք ելնում էինք եւ շարունակում ենք ելնել նրանից, որ դաշնակցային ոգով անհրաժեշտ է հավատարիմ մնալ միության անդամների հետ վարժանքներ անցկացնելու պրակտիկային»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

 

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը «զգոնություն է պահանջում»։

 

«Իհարկե, նման լուրերը զգոնություն են պահանջում, հատկապես՝ ներկա իրավիճակում։ Ուստի մենք խորապես կվերլուծենք այդ լուրերը եւ կհետեւենք իրավիճակի զարգացմանը»,- նշել էր նա:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում սեպտեմբերի 11-ից 20-ը հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվի:

 

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

 

ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ «այս նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել մեր դաշինքը Հայաստանի հետ՝ կենտրոնացնելով ուշադրությունը փոխգործակցելիության եւ պատրաստվածության ամրապնդման վրա՝ մասնագիտացված խաղաղապահ գործողությունների ուսուցման միջոցով»:

 

Ամերիկյան կողմը հայտնում է, որ վարժանքին կմասնակցեն 85 ամերիկացի եւ 175 հայաստանցի զինծառայողներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին