Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իր հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ:
«Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը, հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասել է Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում:
Իր ելույթում նա անդրադարձել է նաեւ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
«Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: Նման որոշմամբ դատարանը փաստորեն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը, հակառակ դեպքում այդ նախորդ որոշումը վերահաստատելու անհրաժեշտություն չէր առաջանա»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում, էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար:
«Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար: Այս առումով, չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով»,- ասել է վարչապետը:
Նա նաեւ հայտնել է, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: