Երեւան։ Մեդիամաքս։ Ապրիլի 25-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Երեւանում խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի փոխարտգործնախարարներ Վահե Գեւորգյանի եւ Մնացական Սաֆարյանի հետ։
Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Միխայիլ Գալուզինը առանձին զրույց է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Կողմերը նշել են ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան։ Ընդգծվել է բարձրագույն եւ բարձր մակարդակներում երկխոսության զարգացումը, ինչպես նաեւ գերատեսչությունների միջեւ համագործակցության ամրապնդումը։
Նշվել է առեւտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկան։ Գոհունակություն է արտահայտվել միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի եւ Հայաստանի համակարգվածության աստիճանից։
Մանրամասն քննարկվել է տարածաշրջանի ներկա իրավիճակը՝ առաջին հերթին լուրջ անհանգստություն առաջացնող ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի ԱԳՆ կայքում Միխայիլ Գալուզինի երեւանյան հանդիպումների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: