ՌԴ ԱԳՆ-ն այսօր «լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաեւ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսությունում իրավիճակի կապակցությամբ»:
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է.
«Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման եւ տարատեսակ միջադեպերի աճ, ինչի հետեւանքով երկու կողմից պարբերաբար զոհեր են արձանագրվում։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի եւ Հայաստանի հանրային տիրույթում մեղադրական եւ ագրեսիվ հռետորաբանության աճը։ Ապրիլի 23-ի իրադարձությունների զարգացման համատեքստում հատուկ նշում ենք բոլոր միակողմանի քայլերի անընդունելիությունը, որոնք խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները՝ անկախ նրանից՝ խոսքը գնում է Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության կամ այն խաղաղության օրակարգին չհամապատասխող նպատակներով օգտագործելու փորձերի մասին։
Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին։ Ելնում ենք նրանից, որ որեւէ դեպքում չպետք է տուժի տեղի բնակչությունը եւ չպետք է որեւէ խոչընդոտներ ստեղծվեն նրա կենսագործունեության համար։
Գտնում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդյունք են երկարամսյա պարապուրդի եւ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղղություններով, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցումը։ Ակնկալում ենք, որ Բաքվում եւ Երեւանում քաղաքական կամք կդրսեւորեն եւ մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այս բացասական դինամիկան։
Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության մասնակցությամբ։
Նաեւ զգուշացնում ենք արտաքին արեւմտյան խաղացողներին եւ նրանց պատեհապաշտ օրակարգով աշխատող տեղական ռուսատյաց տարրերին ձեռնպահ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ սեւացնող արշավի միջոցով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: