Հակապոպուլիզմի երկընտրանքը՝ Թուրքիայում եւ ոչ միայն - Mediamax.am

exclusive
4413 դիտում

Հակապոպուլիզմի երկընտրանքը՝ Թուրքիայում եւ ոչ միայն


Էրդողանը եւ Մերկելը՝ 2020 թվականին
Էրդողանը եւ Մերկելը՝ 2020 թվականին

Լուսանկարը` REUTERS

Բենիամին Նեթանյահուն
Բենիամին Նեթանյահուն

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Յան-Վերներ Մյուլլերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Մեկ տարի տեւած բանակցություններից հետո Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության եկան մայիսին կայանալիք ընտրություններում նախագահի միասնական թեկնածուի շուրջ՝ հույս ունենալով վերջ տալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 20-ամյա կառավարմանը, որը գնալով ավելի ավտորիտար եւ ռեպրեսիվ է դառնում:

 

Մարտին այսպես կոչված «Վեցյակի սեղանը» համաձայնության եկավ Սոցիալ-դեմոկրատական, աշխարհիկ Հանրապետական Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածության շուրջ՝ մերժելով ավելի երիտասարդ եւ խարիզմատիկ մրցակիցներին, այդ թվում՝ նույն կուսակցությունը ներկայացնող Ստամբուլի քաղաքապետին, որը 2019 թվականին կարողացավ ետ նվաճել քաղաքը Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցությունից:

 

Երբ ավտորիտար, պոպուլիստական ռեժիմը խարդախության է դիմում ժողովրդավարական խաղում, ողջախոհությունը թելադրում է, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է միավորեն ուժերը՝ ընտրություններում հաղթելու շանս ստանալու համար: Սակայն նման միասնությունը, թեեւ անհրաժեշտ է, բավարար չէ հաջողության հասնելու համար։ Ավելին, ամենամեծ դժվարություններն առաջանում են միավորվելու որոշումից հետո։

 

Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք միավորվում են այս կամ այն առաջնորդին (հատկապես, եթե նա ավտորիտար պոպուլիստ է) կամ կուսակցությանը  իշխանությունից հեռացնելու համար, պետք է այս հրամայականը վեր դասեն բոլոր ծրագրային պարտավորություններից: Հայտնի է, որ պոպուլիստ առաջնորդները զբաղված են ժողովրդավարության խարխլմամբ, եւ հիմքեր կան ենթադրելու, որ վերընտրվելու դեպքում նրանք ավելի մեծ վնաս կհասցնեն։

 

Օրինակ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը անարդար ընտրությունների ավարտից անմիջապես հետո, մինչ ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը գտնվում էին ամբողջովին բարոյալքված վիճակում, մի շարք վիճահարույց որոշումներ առաջ քաշեց եւ սկսեց սադրանքներով զբաղվել՝ մշակութային պատերազմների տեսքով։ Օրինակ՝ 2014 թվականի ընտրություններից հետո Բուդապեշտում գերմանական օկուպացիային նվիրված կասկածելի հուշահամալիր կառուցվեց, որը փաստացիորեն Հունգարիայից հանում էր մեղադրանքը Հոլոքոստին մեղսակցության համար:

 

Թեեւ «վնասի նվազեցման» հրամայականը միանգամայն խելամիտ է, այն ենթադրում է, որ ողջ քաղաքական կյանքը սկսում է պտտվել երկրի ավտորիտար տիրակալի շուրջ: Եվ դա հենց այն է, ինչ ցանկանում են պոպուլիստ առաջնորդները։ Նրանց դժվար է գերազանցել բեւեռացումն ու անհատականացումն իրենց օգտին օգտագործելու գործում: «Բոլորն իմ դեմ են՝ միակ առաջնորդի, որն իսկապես ներկայացնում է ժողովրդին», - ասում ենք նրանք:

 

Ինչպես վկայում է քաղաքագիտական մի կարեւոր ուսումնասիրություն, ավտորիտար պոպուլիստ առաջնորդների օգտին քվեարկող ոչ բոլոր ընտրողներն են տգետ կամ անտարբեր ժողովրդավարության թուլացման խնդրի նկատմամբ (էլ չասած կոռուպցիայի խնդրի մասին, որը նույնպես շատ բնորոշ է պոպուլիստական կառավարություններին):

 

Բախվելով «մենք իրենց դեմ» տրամաբանությանը եւ տեսնելով ընդդիմադիր կոալիցիա, որի վերջնական մտադրությունները լրիվ պարզ չեն, նման ընտրողները կարող են քվեարկել այն լուծման համար, որը համարում են «չարյաց փոքրագույնը»:

 

Բացի դրանից, միավորված ընդդիմադիր կուսակցությունները սովորաբար ընտրում են այնպիսի թեկնածուի, որը շատ առումներով նման է այն գործչին, ում դեմ նրանք պայքարում ենք, սակայն ավելի ժողովրդավարական է: Անցյալ տարի Հունգարիայում ընդդիմադիր դաշինքը համաձայնել էր աջակցել պահպանողական կաթոլիկ քաղաքապետին գավառական քաղաքից՝ հուսալով գահընկեց անել ծայրահեղ աջ պոպուլիստին: Իսրայելում ընդդիմադիր կոալիցիաները մեկը մյուսի հետեւից փորձում են հաղթել վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ սատարելով կոշտ, աջակենտրոն գործիչներին, ինչպիսին է պաշտոնաթող գեներալ Բենի Գանցը:

Բենիամին Նեթանյահուն Բենիամին Նեթանյահուն

Լուսանկարը` REUTERS

Ըստ երեւույթին, համարվում է, որ ժողովրդավարության վերականգնումը ավելի լավ է վստահել տարեցներին: Այս մոտեցումն աշխատեց դեմոկրատների մոտ ԱՄՆ-ում 2020 թվականին եւ Արեւմտյան Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Կոնրադ Ադենաուերի եւ Շառլ դը Գոլի նման գործիչները գերիշխում էին գերմանական եւ ֆրանսիական քաղաքականությունում:

 

Բայց նման ռազմավարությունը հաճախ ձախողվում է։ Անգամ եթե հակապոպուլիստները ի զորու են միավորվել ընդհանուր հակառակորդի դեմ, քաղաքականության պարամետրերը փոխելու խնդիրը շատ ավելի բարդ է։ Նրանք չպետք է պարզապես օգտագործեն ավտորիտար առաջնորդի նկատմամբ համընդհանուր հակակրանքը, այլ քննարկեն հարցերի ավելի լայն շրջանակ եւ վերադառնան քաղաքական ծրագրերի եւ հիմնարար սկզբունքների հարցերին: Հանուն իշխանության ղեկին գտնվող պոպուլիստին հաղթելու գաղափարական տարաձայնությունները կարելի է մի կողմ դնել, սակայն բոլորը հասկանում են, որ դրանք կրկնակի ուժգնությամբ կբռնկվեն, երբ խնդիրը լուծված կլինի: Եվ սրա ըմբռնումը ընտրողների մոտ կասկածներ է առաջացնում առ այն, թե ինչպես է ընդդիմադիր կոալիցիան իրականում կառավարելու երկիրը:

 

«Վեցյակի սեղանը» կարելի է գովել կառուցվածքային բարեփոխումների ուրվագծման համար, որոնք կարող են օգնել վերականգնել օրենքի գերակայությունը եւ քանդել հիպերնախագահական համակարգը, որը Էրդողանին գրեթե անսահմանափակ իշխանությամբ է օժտել: Պարտավորվելով հենվել հաստատությունների, այլ ոչ թե սուլթանական ոճի կառավարման վրա, ընդդիմությունը խոստանում է հրաժարվել Էրդողանի հիպերգնաճային («ոչ ավանդական») տնտեսական ռազմավարությունից եւ նրա քաոսային արտաքին քաղաքականությունից:

Լուսանկարը` REUTERS

Սակայն «ինստիտուցիոնալիզացիայի» խոստումը բավականին վերացական է: Հաղթելու համար ընդդիմության առաջնորդները պետք է դրսեւորեն թերագնահատված քաղաքական որակ՝ ընտրության տոնայնություն սահմանել, այլ ոչ թե պարզապես արձագանքել հակառակ կողմի գործողություններին: Նրանք չպետք է հույսեր փայփայեն, որ կոռուպցիայի մասին խոսելը բավարար կլինի իշխող կուսակցությանը հաղթելու համար։ Նրանք պետք է կենտրոնանան հենց սխալների վրա եւ փնտրեն ուժեղ խորհրդանիշներ, որոնք պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպիսին կարող է լինել այլ ապագան: Ընտրությունների նախաշեմին թուրքական ընդդիմությունը, անկասկած, կանդրադառնա վերջին երկրաշարժին եւ վարչակարգի ձախողումներին՝ աղետից առաջ եւ հետո: Սակայն նրա համար շատ ավելի դժվար կլինի գտնել այլ ապագայի խորհրդանիշներ։

 

Copyright: Project Syndicate, 2023.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին