Փաշինյան. Ռուսաստանը Հայաստանի միջոցով չի շրջանցում սանկցիաները - Mediamax.am

2552 դիտում

Փաշինյան. Ռուսաստանը Հայաստանի միջոցով չի շրջանցում սանկցիաները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի միջոցով չի շրջանցում սանկցիաները:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին, Փաշինյանն ասել է.

 

«Ինչ վերաբերում է սանկցիաները շրջանցելու հետ կապված խոսակցություններին, ես պիտի ընդգծեմ, որ դրանք ավելին չեն, քան խոսակցությունները: Իրականությունն ուղիղ հակառակն է, եւ կբերեմ մի օրինակ: Անցյալ տարվա գարնանն արեւմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիրաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Սա, կարծում եմ, ամենաուղիղ եւ պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ գործողությունների եւ գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն: Եվ ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որեւէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել:

 

Մյուս կողմից, իհարկե, մենք համակ ուշադրությամբ պետք է հետեւենք իրադարձություններին, որ նաեւ մասնավոր հատվածին օգնենք, որպեսզի նրանք այնպիսի գործունեություն ծավալեն, որ չփչացնեն մեր հարաբերությունները որեւէ գործընկերոջ հետ»:

 

Օլաֆ Շոլցն իր հերթին ասել է.

 

«Մենք այդ մասին նույնպես խոսել ենք, դա նույնպես մեր հարաբերությունների մաս է: Մենք հույս ունենք, որ այդ սկզբունքները պահպանվում են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին