«Կովկասում ռուսական ազդեցությանը լավ այլընտրանք չկա» - Mediamax.am

3086 դիտում

«Կովկասում ռուսական ազդեցությանը լավ այլընտրանք չկա»


Լուսանկարը` REUTERS


Պատասխանատու պետականաշինության Քուինսի ինստիտուտի (Quincy Institute for Responsible Statecraft) Եվրասիական ծրագրի փորձագետների կարծիքով, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ի վիճակի չեն հետեւողական եւ կենսունակ ռազմավարություն մշակել Կովկասի համար:

Ինստիտուտի Եվրասիական ծրագրի տնօրեն Անատոլ Լիվենը եւ գիտաշխատող Արթին Տեր-Սիմոնյանը գրում են այդ մասին «Կովկասում ռուսական ազդեցությանը լավ այլընտրանքն չկա» հոդվածում։

 

«Այսօր շատ թվով արեւմտյան մեկնաբաններ հրճվում են, որ ուկրաինական պատերազմի արդյունքում Կովկասում ռուսական ազդեցությունը նվազել է եւ Ռուսաստանին ներկայացնում են որպես տարածաշրջանում ամբողջապես բացասական ուժ՝ առաջարկելով նրան փոխարինել ԱՄՆ-ով, ՆԱՏՕ-ով կամ Եվրամիությունով։ Այս վերլուծությունը շատ առումներով սխալ է»,- պնդում են հոդվածի հեղինակները։

 

Նրանց խոսքով, ռուսական ազդեցությունն այնքան էլ բացասական չէր, որքան թվում է, եւ «Արեւմուտքը ի վիճակի չէ փոխարինել նրան՝ ինչպես տեղային աշխարհաքաղաքական պատճառներով, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն ցանկություն չունեն զինված ուժեր ուղարկել տարածաշրջան, ինչն անհրաժեշտ կլինի կայունություն ապահովելու համար»:

 

«Տարածաշրջանում Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի թշնամանքը խրախուսելը առանց լուրջ այլընտրանքներ առաջարկելու խիստ անպատասխանատու է եւ կարող է նպաստել հակամարտության վերսկսմանը»,- զգուշացնում են Լիվենն ու Տեր-Սիմոնյանը։

 

«Հայաստանի հետ ռուսական ռազմական դաշինքն ու Հայաստանում ռուսական զինված ուժերի տեղակայումն էր, որ հետ պահեցին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային Հայաստանի վրա հարձակվելուց՝ Ադրբեջանին օգնելու համար, ինչպես Անկարան արել էր 1974 թվականին՝ Կիպրոս ներխուժելով: Հայերը չեն մոռանում, որ այն ժամանակ Արեւմուտքը չպաշտպանեց Կիպրոսը»,- նշվում է հոդվածում։

 

«Արեւմուտքը դժվար թե պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից, քանի որ դատապարտում է Ղրիմի բռնակցումը (չնայած Արեւմուտքի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է երկու դեպքում էլ օրինական նախադեպ թվալ)։ Արեւմուտքը չի կարող իրեն թույլ տալ ամբողջովին օտարել Թուրքիային, եւ ինչպես ցույց է տալիս Անկարայի վետոն Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, Թուրքիան զգալի լծակներ ունի Արեւմուտքին վատ դրության մեջ դնելու համար», - գրում են փորձագետները:

 

Լիվենը եւ Տեր-Սիմոնյանը նշում են, որ «բռնապետությունը Ադրբեջանում Արեւմուտքին պակաս շահագրգռված չի դարձնում ադրբեջանական նավթ եւ գազ գնելու հարցում», եւ «Վաշինգտոնի հակաիրանական շրջանակները հույս ունեն օգտագործել Ադրբեջանը եւ իրանցի ադրբեջանցիների անջատողական ազգայնականությունը որպես գործիք՝ իրանական պետության դեմ»։

 

«Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ի վիճակի չեն Կովկասի համար հետեւողական եւ կենսունակ ռազմավարություն մշակել, առավել եւս՝ մոբիլիզացնել ռեսուրսներն ու կամքը, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում վճռական միջամտության համար: Ուստի զգուշավորությունը ամենահարմարը կլինի»,- եզրափակում են հեղինակները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին