Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը»
«Մենք չենք կարող մի կողմ քաշվել եւ հետեւել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի եւ, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման եւ այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն», - հունվարի 24-ին ասել է Արարատ Միրզոյանը՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես գալով ելույթով:
«Սա առանձին դրվագ չէ, եւ այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից լայնածավալ եւ համակարգված կերպով իրականացվող քաղաքականության մաս՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը: Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, եւս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը», - ասել է նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: