Ադրբեջանը քննադատել է Հայաստանում առաքելություն տեղակայելու ԵՄ որոշումը - Mediamax.am

3757 դիտում

Ադրբեջանը քննադատել է Հայաստանում առաքելություն տեղակայելու ԵՄ որոշումը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում երկարաժամկետ առաքելություն ստեղծելու ԵՄ խորհրդի որոշման հետ։

 

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը, եւ ԵՄ-ի կողմից նրա գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը»։

 

«Հայաստանի տարածքում ԵՄ մոնիտորինգային գործունեությունը սկսվել է քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ՝ հետեւելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի ղեկավարների եւ ԵՄ խորհրդի նախագահի հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությանը։ Ադրբեջանը համաձայնել էր այդ գործունեության իրականացմանը՝ ենթադրելով, որ այն կնպաստի կարգավորման գործընթացին։

 

Չնայած երկամսյա առաքելության հստակ սահմանված պարամետրերի եւ նպատակների շուրջ համաձայնության բարձր մակարդակին, այն բանից հետո, երբ ԵՄ անդամ որոշ երկրներ կողմնակալություն ցուցաբերեցին, մոնիտորինգային առաքելության գործունեության մեջ սկսեցին նկատվել հակասություններ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Դա, իր հերթին, ազդեց ԵՄ-ում որոշումների կայացման գործընթացների թափանցիկության նկատմամբ ընդհանուր վստահության վրա»,- ասված է հայտարարության մեջ:

 

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը «պատրվակ դարձավ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու համար»։

 

Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «խաբեություն» էր անվանել առանց Բաքվի համաձայնության Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության ուղարկումը Հայաստան եւ նշել, որ դա չի բարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը եւ բացասական ազդեցություն կունենա ԵՄ հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին