Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը - Mediamax.am

5032 դիտում

Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը:

«ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների եւ ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը եւ արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը», - ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

«Ստեղծված իրավիճակում կարեւորում ենք 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի անցկացումը, որը հրավիրվել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Լաչինի միջանցքի փակման եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա հումանիտար հետեւանքները քննարկելու նպատակով։ Մենք մեծապես գնահատում ենք ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հանրայնորեն արտահայտված ու հստակ կոչերը` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու  եւ միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ապահովելու վերաբերյալ։ Ողջունում ենք նաեւ ԱԽ հիշյալ նիստին հաջորդած տասնօրյա ժամանակահատվածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերյալ ԱԽ նախագահողի մամուլի հայտարարություն ընդունելու ուղղությամբ։

 

Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձեւաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից եւ գործառույթներից բխող վճռական արձագանք եւ գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջեւ ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։

 

Անհրաժեշտ ենք համարում նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաեւ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

 

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը, եւ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետեւանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են, ակնկալում ենք նաեւ ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որեւէ նախապայմանի վերացնելուն», - ասված է փաստաթղթում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին