Ռուսաստանը քննադատել է Հայաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությունը - Mediamax.am

2254 դիտում

Ռուսաստանը քննադատել է Հայաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությունը


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան: Մեդիամաքս։ Մոսկվան արձանագրում է «Արեւմուտքի համառ ցանկությունը՝ միջամտելու Բաքվի եւ Երեւանի հետ Ռուսաստանի փոխգործակցության ձեւաչափերին»։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

 

«Որքան էլ Բրյուսելում եւ Վաշինգտոնում փորձեն հակառակը ներկայացնել, դրա հետեւում Ռուսաստանն Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունն է, այլ ոչ թե տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը նպաստելը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը վախենում են նույնիսկ դրական խոսել Ռուսաստանի մասին եւ ընդունել եռակողմ համաձայնագրերի առանցքային նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է ռուս դիվանագետը։

 

Նրա խոսքով, «Ռուսաստանն այս գնահատականների լույսի ներքո է ընկալում Հայաստանում ԵՄ ժամանակավոր մոնիտորինգային առաքելության գործունեությունը, ինչպես նաեւ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն գործուղելու փորձերը՝ շրջանցելով կոնսենսուսի կանոնը»։ Գոնչարը հիշեցրել է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել լարվածության սրումը հայ-ադրբեջանական սահմանի հատվածում սեպտեմբերին։

 

Նա նշել է, որ հայկական կողմի շահագրգռվածության դեպքում օպերատիվ կընդունվեն անհրաժեշտ որոշումները ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելու վերաբերյալ։

 

«ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը Բաքվի եւ Երեւանի միջեւ սահմանային խնդիրների երկարաժամկետ կարգավորումը տեսնում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման միջոցով, ներառյալ սահմանազատման հանձնաժողովի գործնական եւ ռիթմիկ աշխատանքի մեկնարկը»,- ասել է Գոնչարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին