Քննարկվում է սահմանի հայկական հատված ԵԱՀԿ դիտորդների գործուղումը - Mediamax.am

3103 դիտում

Քննարկվում է սահմանի հայկական հատված ԵԱՀԿ դիտորդների գործուղումը


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ քննարկվում է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածում ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման:

Այդ մասին նա ասել է Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

 

«Մոտ ապագայում այս հարցում արդեն հստակություն կունենանք»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարում Հարավային Կովկասում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում:

 

«Մեր ակնկալիքն է, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա, որոնք կվկայեն, թե Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կա ադրբեջանական զորքերի ներխուժում միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք, համապատասխանում է իրականությանը: Բայց նաեւ այս առաքելությանը պետք է վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարեւոր առաքելություն»,- ասել է ԱԳ նախարարը:

 

Խոսելով ՀԱՊԿ դիտորդների մասին՝ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը դիմել է կազմակերպությանը, եւ նրանց պաշտոնյաները եկել ու զեկույց են պատրաստել:

 

«ՀԱՊԿ-ում որոշում է կայացվել նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել։ Պաշտոնյաները եկել են, իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, այն ներկայացված է ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններին։

 

Քարտուղարությունն այժմ զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։ Քննարկումներ կան, որոշում չկա։ Պետք է խորհրդի նիստ տեղի ունենա։ Մեզ համար չափազանց կարեւոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները։ Մեզ, նախեւառաջ, պետք է հասկանալ, թե որքանով է կազմակերպությունը ճանաչում ագրեսիան Հայաստանի դեմ»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին