Փաշինյանը քննադատել է դաշնակիցներին եւ առաջարկել միջազգային դիտորդներ գործուղել - Mediamax.am

4483 դիտում

Փաշինյանը քննադատել է դաշնակիցներին եւ առաջարկել միջազգային դիտորդներ գործուղել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների ուղղությամբ:

Այս մասին նա հայտարարել է այսօրվա կառավարության նիստում:

 

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսեւորումն է: Ինժեներական աշխատանքներն  իրականացվում էին Հայաստանի տարածքում, եւ հարված հասցրած ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում: Հայաստանի տարածքն օկուպացված է, Ադրբեջանի ԶՈՒ-ն միանշանակ պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից:

 

Մենք զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, եւ Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել այդ բարեփոխումները:

 

Ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով. որտեղ հնարավոր է՝ փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի:

 

Մենք դեպքեր ունենք, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Այս ամենը արվում է մի հեռահար նպատակով՝ հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից: Սակայն ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ հայկական կողմն ատիվ աշխատանք է իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ:

 

«Մենք ականջալուր ենք այն կոչերին, որ հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը դիմում է ագրեսիվ գործողությունների: Հետևաբար, մեր միջազգային գործընկերներին առաջարկում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ կազմակերպության»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին