Երեւան: Մեդիամաքս: Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Նաիրի Պետրոսյանն ասել է, որ միջազգային հանրությունը ոչ մի դեպքում չպետք է Ադրբեջանին «լիցենզիա շնորհի»՝ իրականացնելու էթնիկ զտումների իր արշավը։
Սեպտեմբերի 16-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի ընթացքում, նա ասել է.
«Մենք զգում ենք Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների եւ դրանցից բխող վարքագծի անտեսման սարսափելի հետեւանքները։ Դրա ամենաթարմ օրինակը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիան էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ»։
Նաիրի Պետրոսյանն ասել է, որ էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մշտական փորձերը՝ կա՛մ բացահայտ ռազմական ագրեսիայի, կա՛մ հայերին տարրական իրավունքներից զրկելու միջոցով, խախտում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր։
«Ադրբեջանը շատ տնային աշխատանք ունի կատարելու, որը չի սահմանափակվում բացառապես միջազգային մարդասիրական իրավունքով», - ասել է նա:
Հայ դիվանագետը հիշեցրել է, որ դեռեւս 2007 թվականին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն Ադրբեջանից պահանջել էր դադարեցնել խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ։ «Ադրբեջանը, սակայն, անտեսեց այդ պահանջը եւ շարունակեց էթնիկ զտումների իր քաղաքականությունը», - շեշտել է Նաիրի Պետրոսյանը:
Նա հիշեցրել է, որ ընդամենը մեկ ամիս առաջ, 2022 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 107-րդ նստաշրջանում շրջանակներում կոմիտեի փորձագետ Չինսունգ Չունգը նշել էր, որ «բազմաթիվ հաղորդագրություններ են եղել ռասայական հողի վրա էթնիկ հայերի խոշտանգումների եւ սպանությունների մասին՝ Ադրբեջանի իշխանությունների եւ զինվորականների կողմից»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: