Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի հայտարարությամբ։
Հայտարարության մեջ ասվում է.
«Ինչպես պայմանավորվել էինք մայիսին կայացած մեր վերջին հանդիպման ժամանակ, այսօր ընդունել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանին։
Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձեւաչափով։ Մեր քննարկումները վերաբերում էին վերջին զարգացումներին Հարավային Կովկասում եւ ԵՄ-ի հետ երկու երկրների հարաբերություններին։
Մեր կարծիքների փոխանակումը բաց եւ արդյունավետ էր, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին դրա համար։ Մենք դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։
Ուրախալի է տեսնել, որ մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ մղելու համար բավականաչափ քայլեր են արվել։
Խաղաղ համաձայնագիր
Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել բովանդակային աշխատանքը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղ համաձայնագրի կնքմանը, եւ հանձնարարեցինք արտգործնախարարներին մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու նախագծերի վրա։
Մարդասիրական հարցեր
Մանրամասն քննարկել ենք նաեւ մարդացիրական հարցերը, այդ թվում՝ ականազերծման, կալանավորների եւ անհայտ կորածների ճակատագրի մասին։
Նախագահ Միշելը Ադրբեջանին մատնացույց է արել հայ կալանավորների հետագա ազատ արձակման կարեւորությունը։
ԵՄ-ն կշարունակի ներգրավված լինել այս հարցերում։
Սահմանային խնդիրներ
Մենք դիտարկել ենք առաջընթացը սահմանների սահմանազատման հետ կապված բոլոր հարցերում եւ կայուն իրավիճակ ապահովելու լավագույն միջոցները:
Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում։
Հաղորդակցություն
Ծանոթացանք տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանների քննարկմանը։
Կցանկանայի ընդգծել, որ կարեւոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։
Հանրային ուղերձները շատ կարեւոր են նման նուրբ իրավիճակում:
ԵՄ-ն պատրաստ է էլ ավելի ամրապնդել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հասնելու համար:
Պայմանավորվեցինք այս ձեւաչափով կրկին հանդիպել մինչեւ նոյեմբերի վերջ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: