Միրզոյան. Ադրբեջանը կարող է լայնածավալ սադրանքի դիմել - Mediamax.am

1446 դիտում

Միրզոյան. Ադրբեջանը կարող է լայնածավալ սադրանքի դիմել


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել»:

«Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Ուստի չափազանց կարեւոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար», - ասել է նախարարը՝ հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում:

 

«Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, եւ ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ եւ արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից եւ հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի եւ այլն։

 

Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու եւ տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, եւ այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում եւ անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից», - ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին