Միրզոյանը հույս ունի, որ ապաշրջափակման գործընթացը «չի տապալվի» - Mediamax.am

4264 դիտում

Միրզոյանը հույս ունի, որ ապաշրջափակման գործընթացը «չի տապալվի»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ ե՛ւ միջազգային ձեւաչափերում, ե՛ւ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումներում Երեւանը բարձրագույն եւ բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ հետեւողական է խաղաղության հաստատման օրակարգում:

«Մենք հետեւողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, եւ որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում, բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով»,- ասել է նա:

 

Նախարարն այդ մասին ասել է՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից:

 

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով փոխանցված համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի առաջարկին:

 

«Հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլեւ դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին եւ սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջեւ խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա:

 

«Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել»,- ասել է նա:

 

Արարատ Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության եւ մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որեւէ աղերս չունեն:

 

«Հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, եւ հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետեւանքով չի տապալվի եւ շուտով հաջողությամբ կավարտվի»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին