Բլինքենը գնահատում է Փաշինյանի «տեսլականը, քաջությունն եւ ճկունությունը» - Mediamax.am

3583 դիտում

Բլինքենը գնահատում է Փաշինյանի «տեսլականը, քաջությունն եւ ճկունությունը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երապտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ադրբեջանի հետ երկխոսության գործընթացում «տեսլականի, քաջության եւ ճկունության» համար։

Պետդեպարտամենտի ղեկավարը հայտարարել է այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

 

«Ուզում եմ օգտվել այս առիթից, որպեսզի արժանին մատուցեմ Հայաստանի վարչապետին եւ նրա կառավարությանը, նրանց կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաեւ ողջունելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը եւ երախտագիտություն հայտնելու տեսլականի, քաջության եւ ճկունության համար, որը վարչապետն ու Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում, որի նպատակը տեւական խաղաղությունն է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

 

«Մենք շատ առումներով դժվար ժամանակներ ենք ապրում, որոնք լի են մարտահրավերներով նաեւ Հայաստանի համար, սակայն իմացեք, որ ի դեմս Միացյալ Նահանգների դուք ունեք ուժեղ եւ հավատարիմ ընկեր եւ գործընկեր», - ասել է Բլինքենը։

 

Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կարեւոր դերը։

 

«Նաեւ բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ Միացյալ Նահանգների հաստատակամ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում եւ այս դիրքորոշման հաստատումը նաեւ այս տարի», - ասել է ԱԳ նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին