Ջորջ Սորոս. Պուտինը եւ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը - Mediamax.am

exclusive
7255 դիտում

Ջորջ Սորոս. Պուտինը եւ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը


Ջորջ Սորոսը
Ջորջ Սորոսը

Լուսանկարը` REUTERS

Ջորջ Սորոսը
Ջորջ Սորոսը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Բաց հասարակություն» հիմնադրամների հիմնադիր եւ նախագահ Ջորջ Սորոսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Ջորջ Սորոս

 

Փետրվարի 24-ին Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա մատնանշեց երրորդ համաշխարհային պատերազմ սկիզբը, որը մեր քաղաքակրթությունը ոչնչացնելու ներուժ ունի: Ներխուժմանը նախորդել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի երկարատեւ հանդիպումը, որը տեղի էր ունեցել փետրվարի 4-ին, երբ Պեկինում սկսվում էին ձմեռային Օլիմպիական խաղերը: Հանդիպման ավարտին Պուտինն ու Սին հրապարակել էին մանրազնին մշակված 5000 բառից բաղկացած փաստաթուղթ, որում հայտարարվում էր երկու երկրների միջեւ սերտ գործընկերության մասին:

 

Ես զարմացած էի, որ Սին ակնհայտորեն քարտ-բլանշ է տալիս Պուտինին՝ Ուկրաինա ներխուժելու եւ պատերազմ սկսելու համար։ Հավանաբար, նա միանգամայն վստահ է, որ իր հաստատումը որպես Չինաստանի ցմահ տիրակալ զուտ ձեւականություն է լինելու: Ողջ իշխանությունը կենտրոնացնելով իր ձեռքում՝ Սին մանրակրկտորեն մշակել է մի սցենար, որում նա հասնելու է Մաո Ցզեդունի եւ Դեն Սյաոպինի մակարդակին:

 

Պուտինն էլ՝ Սիի աջակցությամբ, անհավանական դաժանությամբ սկսեց իրականացնել իր ողջ կյանքի երազանքը: Շուտով նա 70 տարեկան է դառնալու եւ զգում է, որ եթե ցանկանում է հետք թողնել Ռուսաստանի պատմության մեջ, ապա պետք է գործի հիմա՝ կամ երբեք։ Սակայն նա այլասերված պատկերացում ունի աշխարհում Ռուսաստանի դերի մասին։ Ըստ ամենայնի, նա հավատում է, որ ռուս ժողովրդին արքա է հարկավոր, որին նա կուրորեն կհետեւի։ Դա դեմոկրատական հասարակության ուղիղ հակադրությունն է, եւ այս հայեցակարգը խեղաթյուրում է սենտիմենտալության աստիճանի հուզական ռուսական «հոգին»։

Ջորջ Սորոսը Ջորջ Սորոսը

Լուսանկարը` REUTERS

Մանուկ հասակում ես բազմիցս հանդիպել էի ռուս զինվորների, երբ նրանք 1945 թվականին գրավեցին Հունգարիան։ Իմացա, որ պատրաստ են կիսել հացի վերջին կտորը, եթե իրենց խնդրես։ Անցան շատ տարիներ, եւ 1980-ականների սկզբին ես սկսեցի զբաղվել քաղաքական բարեգործությամբ:

 

Սկզբում հիմնադրամ հիմնեցի իմ հայրենի Հունգարիայում, հետո ակտիվորեն մասնակցում էի խորհրդային կայսրության փլուզմանը։ Երբ 1985 թվականին իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովը, այդ փլուզումն արդեն սկսվում էր։ Ես հիմնադրամ հիմնեցի Ռուսաստանում, որից հետո դա արեցի ԽՍՀՄ-ի բոլոր իրավահաջորդ երկրներում։ Ուկրաինայում հիմնադրամ ստեղծեցի դեռեւս մինչեւ նրա անկախ երկիր դառնալը։ 1984 թվականին այցելեցի  Չինաստան, որտեղ դարձա առաջին օտարերկրացին, ում թույլ տվեցին հիմնադրամ հիմնադրել (այն փակեցի 1989 թվականին՝ Տյանանմեն հրապարակի զանգվածային սպանություններից անմիջապես առաջ)։

 

Թեեւ Պուտինին անձամբ չեմ ճանաչում, սակայն շատ ուշադիր հետեւել եմ նրա վերելքին եւ գիտեմ, որ նա անողոք է: Նա ավերակների վերածեց Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին, իսկ այժմ սպառնում է նույնը անել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի հետ։

 

Ժամանակին Պուտինը ՊԱԿ-ի խորամանկ օպերաշխատող էր, սակայն վերջին տարիներին նա կարծես փոխվել է: Իր համար իդեա-ֆիքս հորինելով՝ նա ակնհայտորեն կորցրել է կապը իրականության հետ։ Պուտինն, անկասկած, սխալվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի իր գնահատականներում։ Նրան թվում էր, որ ռուսախոս ուկրաինացիները գրկաբաց կընդունեն ռուս զինվորներին, սակայն պարզվեց, որ նրանք ոչնչով չեն տարբերվում ուկրաինախոս բնակչությունից։ Ուկրաինացիները կազմակերպեցին աներեւակայելի խիզախ դիմադրություն իրենց ակնհայտորեն գերազանցող թշնամու դեմ։

 

2021 թվականի հուլիսին Պուտինը մի ծավալուն հոդված էր հրապարակել, որում ապացուցում էր, որ ռուսներն ու ուկրաինացիներն իրականում մեկ ժողովուրդ են, եւ որ ուկրաինացիներին խաբում են նեոնացիստ քարոզիչները։ Այս պնդումների առաջին մասը որոշակի պատմական հիմքեր ունի՝ հաշվի առնելով, որ Կիեւն ի սկզբանե եղել էր Ռուս ուղղափառ եկեղեցու կենտրոնը։ Սակայն երկրորդ մասում Պուտինն ինքը խաբվեց։ Նա պետք է ավելի լավ հասկանար իրավիճակը: Ուկրաինացիներից շատերը անձնվեր կռվում էին 2014 թվականին՝ Եվրամայդանի ցույցերի ժամանակ:

Լուսանկարը` REUTERS

2014 թվականի իրադարձությունները խիստ զայրացրել էին Պուտինին։ Նա որոշեց պատժել Ուկրաինային դիմադրելու համար եւ սկսեց գործել առանց արգելակների։ Նա մարտի նետեց ողջ ռուսական բանակը եւ անտեսում է պատերազմի բոլոր կանոնները՝ առանց մտածելու ռումբեր նետելով խաղաղ բնակչության վրա:

 

Բացառված չէ, որ Ռուսաստանը կպարտվի այս պատերազմում։ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը Ուկրաինային մատակարարում են պաշտպանական զինատեսակներ, փորձեր են արվում գնելու ռուսական արտադրության ՄԻԳ կործանիչներ, որոնք կարող են կառավարվել ուկրաինացի օդաչուների կողմից։ Այս ամենը կարող է խիստ փոխել իրավիճակը: Սակայն անկախ վերջնական արդյունքից Պուտինն արդեն իսկ հրաշք է գործել Եվրամիությունում վճռականության եւ միասնության ամրապնդման առումով։

 

Մինչդեռ Սին կարծես, հասկացել է, որ Պուտինը չափերն անցել է: Մարտի 8-ին, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի՝ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամությունը «ժայռի պես ամուր» մնալու մասին հայտարարությունից մեկ օր անց, Սին զանգահարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ ասել, որ աջակցում է նրանց խաղաղարար ջանքերին։ Նա ցանկանում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել այս պատերազմում՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

 

Ոչ մի երաշխիք չկա, որ Պուտինը կզիջի Սիի ցանկություններին։ Մեզ մնում է միայն հուսալ, որ Պուտինն ու Սին կհեռացվեն իշխանությունից՝ նախքան նրանք կկործանեն մեր քաղաքակրթությունը։

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին