Լավրովը Միրզոյանին ասել է աշխատանքների «շուտափույթ» մեկնարկի կարեւորության մասին - Mediamax.am

3910 դիտում

Լավրովը Միրզոյանին ասել է աշխատանքների «շուտափույթ» մեկնարկի կարեւորության մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում մատնանշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքները շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը։

«Նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Ռուսական կողմն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկի ապահովման անհրաժեշտությունը՝ հետագա սահմանագծմամբ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

 

«Սերգեյ Լավրովը նշել է նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում պայմանավորվածությունները գործնական հարթության տեղափոխելու անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրության մեջ:

 

Միրզոյանի եւ Լավրովի հեռախոսազրույցի մասին Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

 

«Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։

 

Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

 

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը եւ անվտանգությունը:

 

Նախարարները քննարկել են նաեւ «3+3» ձեւաչափին առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին