Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի հայտարարությունը - Mediamax.am

2547 դիտում

Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի հայտարարությունը


Լուսանկարը` REUTERS/Sputnik


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այսօր համատեղ հայտարարություն են ընդունել Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով։

Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Պայմանավորվել ենք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը: Նշել ենք ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում:

 

Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործը տանել դեպի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման երկկողմանի հանձնաժողովի ստեղծում՝ դրան հաջորդող սահմանագծմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով:

 

Բարձր ենք գնահատել տարածաշրջանի  տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Ընդգծել ենք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

 

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին