Ռուսաստանի ԱԳՆ-ն մատնանշել է հայերի խնդիրները Վրաստանում - Mediamax.am

2892 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ-ն մատնանշել է հայերի խնդիրները Վրաստանում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Որոշ երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին» զեկույցում հիշատակել է Վրաստանի հայ համայնքը:

 

Զեկույցի «Վրաստան» բաժնում, մասնավորապես, ասվում է, որ «առավել մեծ ադրբեջանական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների մասնակցության աստիճանը երկրի հասարակական-քաղաքական կյանքում մնում է ծայրաստիճան ցածր, ինչը նրանց թույլ չի տալիս ամբողջությամբ ինտեգրվել վրաց հասարակությանը»:

 

«Ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրը մնում է վրացական պետական լեզվի չիմանալը: «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի իշխանությունները մտցրեցին մի շարք օրենքներ, որոնք սահմանափակում են փոքրամասնությունների լեզուների օգտագործումը եւ ոչ բնիկ էթնիկ խմբերին պարտավորեցնում պետական կառավարման մարմինների հետ վրացերեն շփվել: Իրավապաշտպանները նշում են, որ իշխանությունները վրացերեն լեզու սովորելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում», - ասվում է զեկույցում:

 

«Հաշվի առնելով այն փաստը, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը Վրաստանի քաղաքական կյանքում մնում է ցածր, էթնիկ սփյուռքի ներկայացուցիչները ցանկանում են ավելի մեծ անկախություն ունենալ` կրթության եւ մշակույթի ոլորտում ինքնուրույն որոշումներ կայացնելու, երկրի քաղաքականության վրա ազդելու լծակներ ունենալու համար: Օրինակ, հայ համայնքն արդեն տեւական ժամանակ բարձրացնում է Սամցխե-Ջավախքի ինքնավարության հարցը, իսկ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիները պահանջում են լայն ներկայացվածություն տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ բոլոր հիմնական պաշտոնները զբաղեցնում են վրացիները: Այս կոչերը աջակցություն չեն գտնում Վրաստանի ղեկավարության մոտ, որը դրանք գնահատում է որպես անջատողական տրամադրությունների արտահայտում», - գրում են զեկույցի հեղինակները:

 

«Բացի այդ, վրացական լրատվամիջոցներում հաճախակի են դարձել Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները: 2011 թվականին Վրաստանում «Կրոնական դավանանքների ազատ գրանցման մասին» օրենքի ընդունումից հետո բազմիցս գրանցվել են վանդալիզմի դեպքեր հայկական եկեղեցիների նկատմամբ», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ զեկույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին