ԱՄՆ-ը կվերանայի աջակցությունը Բաքվին, ասել է ապագա պետքարտուղարը - Mediamax.am

3302 դիտում

ԱՄՆ-ը կվերանայի աջակցությունը Բաքվին, ասել է ապագա պետքարտուղարը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենն ասել, որ Բայդենի վարչակազմը վերանայելու է ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին:

Այդ մասին Էնթոնի Բլինքենն ասել է՝ գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզի հարցերին:

 

«Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների լույսի ներքո Բայդենի վարչակազմը վերանայելու է մեր անվտանգային աջակցությունն Ադրբեջանին», - ասել է Բլինքենը: Նա նկատել է, որ ամերիկյան նոր վարչակազմը կարող է կրկին գործածել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելք է սահմանում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համար:

 

«Այս պաշտոնում հաստատվելու դեպքում ես կաշխատեմ Կոնգրեսի եւ պաշտպանության քարտուղարի հետ՝ սահմանելու համար աջակցության այն ծավալը, որը կապահովի Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգային պահանջները», - ասել Էնթոնի Բլինքենը:

 

«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ հակամարտության հարատեւ լուծում գտնելու համար՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ: Հաստատվելու դեպքում ես նոր թափ կհաղորդեմ ԱՄՆ-ի ներգրավվածությանը այնպիսի մշտական լուծում գտնելու համար, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ կօգնի երաշխավորել, որ նոր պատերազմ չի բռնկվի: Սա ներառում է մեր ակտիվացումը Մինսկի խմբի շրջանակում եւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանք՝ երրորդ կողմերի ցանկացած նոր միջամտությունը կանխելու համար», - ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ապագա ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին