Պետդեպարտամենտի պաշտոնյա. «Թուրքերը դժգոհ են Պուտինի խոսքերից» - Mediamax.am

Փետրվար 14, 2026
5770 դիտում

Պետդեպարտամենտի պաշտոնյա. «Թուրքերը դժգոհ են Պուտինի խոսքերից»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ անանուն դիվանագետն ասել է, որ «թուրքերը շատ դժգոհ են Պուտինի խոսքերից»:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի կայքում հրապարակվել է Թբիլիսիում կայացած ամերիկացի երկու դիվանագետների ճեպազրույցի սղագրությունը, որոնք ուղեկցում են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոպմեոյին:

 

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահ հնարավոր ներկայության մասին հարցին, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է.

 

«Հստակ չէ, թե ինչ են ասում ռուսները մեկ շաբաթ առաջ ձեր բերված համաձայնության մեջ Թուրքիայի դերի մասին: Այնպես որ, պետք է սպասենք եւ տեսնենք: Շատ հետաքրքիր է տեսնել, որ Պուտինն ասում է՝ ոչ, այնտեղ թուրքեր չեն լինելու, եւ թուրքերը շատ դժգոհ են դրանից»:

 

Նա հավելել է, որ «այլ տարածաշրջաններից արտասահմանցի մարտիկներ բերելը հաստատ չի կարող ընկալվել որպես կայունության նշան»:

 

Նոյեմբերի 17-ին РТР հեռուստաընկերության հետ հարցազրույցում Ռուսաստանի նախագահն ասել էր, որ հաշվի առնելով 1915 թվականի Հայոց Ցեղասպանության գործոնը, թուրք զինվորների ներկայությունը շփման գծում սադրելու էր հայկական կողմին: «Կարծում եմ, որ նախագահ Էրդողանը դա շատ լավ հասկանում էր եւ հասկացավ», - ասել է Պուտինը:

 

ՌԴ նախագահն ասել է, որ Թուրքիայի մասնակցությունը սահմանափակվելու է համատեղ դիտորդական կենտրոնի հիմնմամբ Ադրբեջանի տարածքում, որը ԱԹՍ-ների միջոցով վերահսկելու է շփման գծի իրավիճակը:




Մեր ընտրանին