Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ասել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիային Թուրքիայի մասնակցությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Արմեն Սարգսյանն ասել է, որ Թուրքիայի ուղղակի եւ անմիջական ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է տարածաշրջան իսլամիստ ահաբեկիչների ներմուծմամբ, լուրջ սպառնալիք է ստեղծվել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային կայունության ու անվտանգության համար:
Ժոզեպ Բորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների եւ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:
















