Հունաստանի ԱԳ նախարար. Անկարայի միջամտությունը մտահոգիչ է - Mediamax.am

1744 դիտում

Հունաստանի ԱԳ նախարար. Անկարայի միջամտությունը մտահոգիչ է


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն այսօր Երեւանում ասել է, որ Աթենքը հետեւում է Հարավային Կովկասում բռնկված կոնֆլիկտի զարգացումներին եւ մտահոգված է հրադադարի խախտումների պատճառով։

«Ողջունում ենք Մոսկվայում հրադադարը վերաբերյալ պայմանավորվածությունը. այն պետք է խստիվ պահպանել»,- Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Նիկոս Դենդիասը։

 

Նա ասել է, որ ԼՂ հակամարտության տեւական լուծման կարելի է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով՝ վերադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցություններին։

 

«Մենք լուրջ անվտանգային մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարեւանությամբ, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն տարածաշրջանի խաղաղության եւ կայունության։ Երկու դեպքում էլ վճռական ու կարեւոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում դնի նրանց միջեւ, ովքեր յուղ են լցնում կրակի վրա եւ նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում եւ հավատարիմ են մնում վեճերի լուծման խաղաղ տարբերակին»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը։

 

Նիկոս Դենդիասը նշել է, որ պետք է վերջ դնել օտար միջամտությանը, շեշտելով, որ Անկարայի միջամտությունը եւս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է։

 

«Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում լարումներն ունեն մեկ աղբյուր, որը Թուրքիան է։ Այդ երկիրն անտեսում է միջազգային նորմերը հարգելու մասին Եվրամիության կոչերը»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին