Երեւան: Մեդիամաքս: Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում է ունեցել ռուսաստանցի փորձագետների եւ քաղաքագետների հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունն էր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը եւ անվտանգային ընկալումները: Նախարարը քննարկման մասնակիցների ուշադրությունն է հրավիրել օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա:
















