ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին - Mediamax.am

828 դիտում

ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ Մշտական խորհրդի այսօրվա նիստի նիստի ժամանակ ՀՀ ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:

«Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունը ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում արդեն կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։

 

Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա՝ այդ թվում ԱԹՍ-եր եւ ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել եւ չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշել է Վիկտոր Բիյագովը

 

Նա հավելել է, որ հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար, եւ «այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին