Երեւանում չեն մեկնաբանում Փաշինյան-Պուտին զրույցի հնարավորությունը - Mediamax.am

exclusive
4806 դիտում

Երեւանում չեն մեկնաբանում Փաշինյան-Պուտին զրույցի հնարավորությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը բոլոր մակարդակներում ունի բնականոն եւ շարունակական բնույթ, եւ դրա շրջանակներում տեղի ունեցող զարգացումների մասին հանրությունն ըստ արժանվույն տեղեկացվում է»:

Այս մասին նա ասել է՝ պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը նախատեսում է առաջիկայում հեռախոսազրույց նախաձեռնել Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Այսօր ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը Մեդիամաքսին ասել էր, որ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի հնարավորության մասին մեկնաբանություն չի կարող տրամադրել, քանի որ դա ԱԳՆ գործառույթն է:

 

Օգոստոսի 12-ին երեկոյան ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը: Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ ասված էր.

 

«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների մասին՝ հուլիսին ադրբեջանա-հայկական պետական սահմանին տեղի ունեցած իրավիճակի լարման համատեքստում: Ռուսաստանյան կողմից ընդգծվել է լարման աճին նպաստող որեւէ գործողություն բացառելու կարեւորությունը»:

 

Մեդիամաքսը նշում է, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները զրույց չեն ունեցել: Պուտինի եւ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը կայացել էր 2020թ. հունիսի 1-ին՝ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել էր ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթել էր արագ ապաքինվել կորոնավիրուսից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին