Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության պատրաստակամ է աջակցել բարեփոխումների իրականացմանը Հայաստանում:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այդ մասին մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը։
«Պարոն Բորելը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական եւ այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ ՀՀ կառավարության հաստատակամ ու հետեւողական քայլերն այդ ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին: Մտքեր են փոխանակվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ: Ժոզեփ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Մարտի 9-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
«Եվրոպական միությունը մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է, դրանց իրականացման գործում մենք ամեն պահի զգացել ենք ԵՄ-ի օգտակար աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հետեւողականորեն առաջ է շարժվելու ժողովրդավարության զարգացման ու այն ամրապնդելու ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու նպատակով:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: